«Մշակույթի եվրոպական տարածքներ» նախագիծն ընդունում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրներում մշակութային կապեր հաստատելու նոր գաղափարների առաջարկներ

19-02-2021
Photo: European Union
Photo: European Union

Եվրոպական հանձնաժողովի կողմից համաֆինանսավորվող «Մշակույթի եվրոպական տարածքներ» (European Spaces of Culture) նախագիծը փնտրում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրներում մշակութային կապեր հաստատելու նոր գաղափարներ` ներգրավելով ԵՄ մշակույթի ազգային ինստիտուտների (EUNIC) անդամներին, ԵՄ–ին և դրանից դուրս գործող տեղական գործընկերներին:

Մշակույթի եվրոպական տարածքների համընդհանուր նպատակն է վերասահմանել եվրոպական մշակութային կապերը՝ ԵՄ անդամ պետությունների, ԵՄ պատվիրակությունների և ԵՄ անդամ չհանդիսացող երկրներում տեղական շահագրգիռ կողմերի համագործակցության միջոցով:

Մրցույթի նպատակն է վերասահմանել եվրոպական մշակութային հարաբերությունների մասին պատկերացումները՝ եվրոպական մշակույթի տարածքների մոդելների համար գտնելով և փորձարկելով նոր նորարարական գաղափարներ  կամ վերափորձարկելով ու ընդլայնելով արդեն իսկ սահմանված մոդելները: Մրցույթը բաց է մշակութային հարաբերությունների սկզբունքների վրա հիմնված գործողությունների համար, ինչպիսին միմյանց լսելու և միմյանցից սովորելու, երկխոսության, համաստեղծման և համատեղ կարողությունների զարգացման միջոցով արդար գործընկերության կառուցումն է:

Մրցույթը պահանջում է, որպեսզի առաջարկությունները պատրաստվեն տեղական շահագրգիռ կողմերի (օրինակ` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, տեղական մշակութային գործիչների), EUNIC-ի անդամների և ԵՄ պատվիրակությունների կողմից` հավասար գործընկերության ոգով: Դիմորդներին առաջարկվում է ուսումնասիրել անդրազգային և անդրտարածաշրջանային նախագծերի հնարավորությունը: Մրցույթի աջակցության փաթեթը կազմում է 500 հազար եվրո՝ 14 հազար եվրոյի չափով հավելյալ շարժունակության դրամաշնորհով: Կախված հայցվող աջակցության չափից` նախատեսվում է ֆինանսավորել շուրջ 10 նախագիծ։

Առաջարկվող նախագծերը կարող են լինել ամենատարբեր բնույթի մշտական կառույցներ, փոփ-ափ ձևաչափեր, փառատոնային տաղավարներ, զուտ թվային գործիքներ, գործարար կապերի հաստատում, և այլն։ Ընդունվում են արվեստին, ստեղծարար արդյունաբերությանը, զարգացման համագործակցությանը, թվայնացմանը, կրթությանը, գենդերային հարցերին, մշակութային ժառանգությանը, մարդու իրավունքներին, սոցիալական ներառմանը, սպորտին, կայունությանը, զբոսաշրջությանը, երիտասարդությանը և այլնին վերաբերող գաղափարներ: Դրանք կարող են լինել նաև հետազոտություններ, իրագործելիության ուսումնասիրություններ և կլաստերի կարողությունների զարգացման նախագծեր, ինչպես նաև նախագծի նախապատրաստական գործողություններ: Հաշվի առնելով ներկայիս COVID-19 համավարակը՝ մրցույթը բաց է մշակութային հարաբերությունների նախագծերի նորարարական թվային կամ հիբրիդային ձևաչափերի համար:

Նախագծային թիմում պետք է ընդգրկվեն շահագրգիռ երկր(ներ)ում գործող ԵՄ պատվիրակություն(ներ)ը և առնվազն երեք առանցքային տեղական մշակութային գործընկերներ: Վերջիններս կարող են լինել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այնպես էլ պետական մարմիններ:

Պիլոտային նախագծերը պետք է տեղի ունենան 2022 թ-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը՝ ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներում։ Խրախուսվում է ուսումնասիրել անդրազգային և անդրտարածաշրջանային նախագծերի հնարավորությունը: Առաջարկներն ընդունվում են մինչև 2021 թ.-ի հունիսի 13-ը:

Իմացեք ավելին