Լեռնային Ղարաբաղ․ ԵՄ-ն հավելյալ 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է հատկացնում հակամարտության ազդակիր բնակչությանը

19-02-2021
Photo: European Union
Photo: European Union

Եվրոպական հանձնաժողովը փետրվարի 18-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

2020 թվականի սեպտեմբերին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Եվրոպական միության ջանքերով մոբիլիզացվել է 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։ ԵՄ-ը սերտ կապի մեջ է մարդասիրական գործընկեր կազմակերպությունների և այլ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ`աջակցելու մարդասիրական արձագանքման համակարգմանը:

Նոր հայտարարված օժանդակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան և հոգալ այլ կարիքներ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ և հոգեբանական աջակցություն ազդակիր բնակչության համար։

«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են  խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ աջակցությունը կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ նրանց, ովքեր ունեն դրա խիստ կարիքը», - նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտությունը, որը վեց շաբաթ մոլեգնում էր անդադար, զոհերի, վնասների և տեղահանությունների պատճառ դարձավ։ Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Լուրջ վնասներ են հասցվել բնակելի շենք շինություններին և հանրային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դպրոցներին, առողջապահական հաստատություններին, ճանապարհներին, կոմունալ ծառայությունների և կապի ցանցերին։  Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը և արգելված կասետային զինամթերքի կիրառումը ներառված են միջազգային հումանիտար իրավունքով սահմանված ենթադրյալ խախտումների շարքում», - ասված է Եվրոպական հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Իմացեք ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ մարդասիրական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին