Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց Վրաստանում

28-08-2019
Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց Վրաստանում
1. Ո՞րն է իմ դպրոցի և ԱլԳ եվրոպական դպրոցի միջև տարբերությունը

Գոյություն ունի երկու էական տարբերություն. բուն դասընթացը, որը կենտրոնացած է Եվրոպական միության կառուցվածքի, դրա ինստիտուտների, մշակույթի, արժեքների, միջազգային և ներքին քաղաքականության ուսումնասիրությունների վրա, ինչպես նաև ԱլԳ եվրոպական դպրոցի բազմազգ միջավայրում կրթություն ստանալու առանձնահատուկ փորձառությունը:

EaP school

Երկամյա միջազգային բակալավրիատի (ՄԲ) ուսումնական ծրագիրը կառուցված է Եվրոպայի և եվրոպական հիմնահարցերի շուրջ՝ ներառելով հումանիտար գիտությունների, լեզուների և գրականության, արվեստի և պատմության դասընթացներ, որոնք միաժամանակ համալրված են հստակ եվրոպական հեռանկարով:

Միջազգային բակալավրիատը նաև ուսուցման այլընտրանքային տարբերակ է, որի նպատակն ուսանողներին քննադատական և ինքնուրույն մտածողություն, ինչպես նաև խնամքով ու տրամաբանորեն տեղեկություն հավաքել սովորեցնելն է:

Միևնույն ժամանակ Դուք կհայտնվեք յուրահատուկ միջազգային ուսումնական միջավայրում՝ սովորելով և ապրելով տարբեր մշակույթներ կրող ուսանողների հետ միասին: Դասերից դուրս Դուք հնարավորություն կունենաք մասնակցել ԵՄ-ին առնչվող համաժողովներին և միջոցառումներին:

Ընդհանուր առմամբ, ԱլԳ եվրոպական դպրոցն առաջարկում է բարձրակարգ կրթական հնարավորություն, որը եզակի կերպով կպատրաստի Ձեզ` առերեսվելու ժամանակակից, գլոբալացված աշխարհի մարտահրավերներին: Եվ դուք կավարտեք դպրոցը՝  ստանալով միջազգային որակավորմամբ ՄԲ դիպլոմ:

2. Ես կարո՞ղ եմ սովորել Վրաստանում գտնվող Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցում

Այո, եթե Դուք 16-ից 17 տարեկան եք և հանդիսանում եք Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության կամ Ուկրաինայի քաղաքացի: Սակայն տեղերի քանակը սահմանափակ է. յուրաքանչյուր տարվա համար միայն 35 տեղ է հատկացվում: Այսպիսով, ընդունվելու համար անհրաժեշտ է բավարարել որոշակի պայմանների ու անցնել բարդ մրցակցային գործընթացով:

Ներկայացվող չափանիշների թվում են վեց երկրներից մեկի միջնակարգ դպրոցում ուսումնառություն ստանալը և բարձր առաջադիմությունը: Բելառուսի և Վրաստանի ներկայացուցիչների դեպքում յուրաքանչյուր առարկայի նվազագույն գնահատականը պետք է լինի 10, իսկ մնացած երկրների դեպքում` 9-10: Նաև անհրաժեշտ կլինի ցուցաբերել անգլերենի իմացություն՝ նվազագույնը B2 մակարդակ և ավելի բարձր:

2020-2021թթ. ուսումնական տարվա ընդունելության համար կրթաթոշակների տրամադրման մրցույթի մասին կհայտարարվի 2020 թվականի հունվարին:

3. Ինչպե՞ս կարող եմ դիմել

Դիմումների ներկայացման գործընթացը բաղկացած է երեք փուլից.

  1. Դպրոցի կայքում (www.eapeuropeanschool.eu) դիմումի ներկայացում.
  2. Այնուհետև ընտրված թեկնածուները կհրավիրվեն՝ հանձնելու երկու գրավոր թեստեր ՝ մաթեմատիկայից ու անգլերենից: Թեկնածուները թեստերը կհանձնեն իրենց երկրներում:
  3. Այնուհետև, հիմք ընդունելով գրավոր թեստերի արդյունքները, թեկնածուները կհրավիրվեն Skype-հարցազրույցի:

Ընտրությունն իրականացվում է որակավորված հանձնաժողովի կողմից՝ գնահատման օբյեկտիվ և թափանցիկ մեթոդների օգտագործմամբ: Հարցազրույցների ընթացքում Ընտրող հանձնաժողովը մեծ ուշադրություն կդարձնի ուսանողների մոտիվացիային, այլ մշակույթների նկատմամբ նրանց բաց լինելուն ու եվրոպական հիմնահարցերի շուրջ հետաքրքրությանը:

Դիմելու գործընթացն անվճար է:

4. Ես ինչ-որ բան պետք է վճարե՞մ դպրոցում սովորելու համար

Ոչ: Ընտրվելու դեպքում Դուք կստանաք լիարժեք կրթաթոշակ, որը վճարվում է Եվրոպական միության կողմից: Կրթաթոշակը ծածկում է Ձեր կրթության, ինչպես նաև գիշերակացի, դպրոցում սնունդի, տարեկան 4 անգամ (արձակուրդների ընթացքում) Թբիլիսիից Ձեր տուն և հակառակ ուղղությամբ տոմսերի, բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերի և աղբյուրների (ներառյալ՝ գրքեր, նոութբուքեր և սմարթֆոններ՝ ուսումնառության ողջ տևողության համար), ինչպես նաև լիարժեք բժշկական ապահովագրության ծախսերը: Այսպիսով, ԱլԳ եվրոպական դպրոց ընդունվելու պարագայում Դուք ոչինչ ստիպված չեք լինի վճարել ամբողջ երկու տարվա ընթացքում, իսկ Ձեր կրթաթոշակն ինքնաբերաբար կշարունակվի երկրորդ տարվա ընթացքում, իհարկե, եթե Դուք հաջողությամբ ավարտեք առաջին տարին:

5. Որո՞նք են ՄԲ դիպլոմի առավելությունները

Եթե Դուք ցանկանում եք սովորել արտերկրում, ապա միջազգային բակալավրատը Ձեր հաջողության անցագիրն է: ՄԲ դիպլոմը ընդունվում է 75 երկրի շուրջ 2000 համալսարաններում, ինչպես նաև լայնորեն ճանաչվում է աշխարհի քոլեջների և համալսարանների կողմից` որպես բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների հաջողության համար լավագույն նախապատրաստություն:

Յուրաքանչյուր համալսարան ունի ճանաչման իր սեփական քաղաքականությունը: Դրանք կարող են լինել ՄԲ ուսանողների ակտիվ հավաքագրումից մինչև ընդունելության գործընթացում ՄԲ դիպլոմի հստակ ճանաչումը կամ նույնիսկ դասընթացների կրեդիտների համար դիպլոմի միավորների հաշվումը կամ կրթաթոշակային հնարավորությունների տրամադրումը՝ հատկապես ՄԲ ուսանողների համար:

6. Արդյո՞ք այս ՄԲ դիպլոմը կճանաչվի իմ երկրի համալսարանների կողմից

ՄԲ դիպլոմն ամբողջությամբ ճանաչված է Վրաստանում և ընդունված՝ Հայաստանում: ՄԲ դպրոցները նաև հավատարմագրված են Ադրբեջանում և Ուկրաինայում՝ տարածաշրջանի մի շարք համալսարանների հետ միասին, որոնք որդեգրել են ՄԲ ուսանողներին իրենց դասընթացներին ընդունելու պաշտոնական քաղաքականություն:

Ամեն դեպքում, ԱլԳ եվրոպական դպրոցի կրթաթոշակային ծրագիրն ավարտած բոլոր ուսանողները կարող են իրենց դիպլոմները ներկայացնել սեփական երկրի ազգային իշխանություններին` համարժեք պաշտոնական դիպլոմ ստանալու նպատակով:

7. Որտե՞ղ կարող եմ լրացուցիչ տեղեկանալ դպրոցի մասին

Դուք կարող եք այցելել դպրոցի կայքէջ՝ www.eapeuropeanschool.eu, որտեղ մանրամասն տեղեկատվություն կգտնեք ծրագրի և ընդունելության ընթացակարգի մասին: Ծանոթացե՛ք նաև կրթաթոշակային ծրագրի մասին հաճախ տրվող հարցերին և ստացե՛ք ձեր բոլոր հարցերի պատասխանները կրթաթոշակի ու դրա ներառումների, ՄԲ ծրագրի և դպրոցում ամենօրյա կյանքի վերաբերյալ: Միջազգային բակալավրիատի մասին լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.ibo.org կայքէջ, որն ընդգրկում է ՄԲ ուսանողների համար համալսարանական ընդունելությունների մասին տեղեկատվություն:

Եթե ցանկանում եք ոգեշնչվել, ապա դիտե՛ք այս տեսանյութը, որում բոլոր վեց երկրները ներկայացնող ուսանողները Ձեզ կպատմեն իրենց փորձառության, հույսերի ու երազանքների մասին, ինչպես նաև ծանոթացե՛ք Բելառուսից Եվայի և Մոլդովայից Կոնստանտինի անձնական փորձին:

Սպասե՛ք նաև 2020 թվականի հունվարին հայտարարվելիք կրթաթոշակների տրամադրման նոր մրցույթին, որի մասին մենք կտեղեկացնենք www.euneighbours.eu կայքում: