Վիրտուալ թռիչք. Հայ երիտասարդը Եվրամիության աջակցությամբ նորարար տուրիզմի ծրագիր է իրագործում

15-06-2020

Տավուշի մարզի Իջևան քաղաքի 23-ամյա բնակիչ Արման Գաբրիելյանը հայրենի մարզում փորձում է զարգացնել վիրտուալ տուրիզմը:

Նրա նորարական բիզնես գաղափարն արդեն շատերի հետաքրքրությունն է շարժել: Երոնքավան գյուղի  տարածքում Արմանը զբոսաշրջիկների և մյուս հյուրերի համար վիրտուալ թռիչք կապահովի Տավուշի լեռների ու տեսարժան վայրերի վրայով: Արմանն իր գաղափարը փորձում է կյանքի կոչել Եվրամիության EU4Youth: “Employability and Stability” ծրագրի շնորհիվ:

Արմանը սովորում է Եվրոպական համալսարանի տուրիզմի ֆակուլտետում և վաղուց էր երազում կյանքի կոչել իր գաղափարը, որը հնարավորություն կտար համադրել նորարարական տեխնոլոգիաներն ու էքստրիմ տուրիզմը ։

Այն զբոսաշրջիկները, ովքեր այցելում են տարածք, կարող են օգտվել Արմանի վիրտուալ թռիչքի ծառայությունից:

«Եվ այդ զբոսաշրջիկներին առաջարկվում է այլընտրանքային էքստրիմ ծառայություն»,- ասում է Արման Գաբրիելյանը: Հատուկ ակնոց կրելով՝ մարդիկ կարող են տեսնել այն, ինչ նկարում է թռչող դրոնը՝ ունենալով վիրտուալ թռիչք։

Արմանի խոսքով՝ Հայաստանում տարեցտարի տուրիզմի ոլորտը զարգանում է, և նոր գաղափարները ոլորտում մեծ պահանջարկ են վայելում:

«Միշտ պատկերացնում էի, որ կունենամ իմ սեփական բիզնեսը: Եվ քանի որ հետաքրքված էի էստրիմ տուրիզմով և նորարար տեխնոլոգաիներով , իմ նպատակն էր ստեղծել էքստրիմ ծառայություն, որը կտարբերվեր մյուսներից»,- ասում է նա:

Արմանը շարունակում է «Միտքը միայն իմը չէ, ես ու ընկերս են մտածել: Նախքան ծրագին մասնակցելը, մոտ մեկ տարի ուսումնասիրել ենք այդ դաշտը՝ պարզելու համար, թե ինչ գումարներով է հնարավոր այդ գաղափարը կյանքի կոչել: Բայց քանի որ ֆինանսական հնարավորություններ չունեի, իրագործումը հետաձգեցի»։

Այնուհետև Արմանը տեղեկացել է EU4Youth: Employability and Stability От трудоустройства к стабильности ծրագրի մասին:

«Ընդունելության ժամանակ ներկայացրեցի իմ գաղափարը, այն միանգամից դուր եկավ մարդկանց: Շատերը չէին հավատում, որ  այդ գաղափարը կարող է հաջողություն ունենալ, բայց ես մինչև վերջ պնդեցի, որ աշխատանքներն առաջ տարվեն»,- ասաց նա:

Ծրագիրի շրջանակներում Արմանը ֆինանսավորումն ստացել է նախորդ տարվա աշնանը։ Սարքավորումները ձեռք է բերել ձեռներեցության եռամսյա դասընթացներն անցնելու հետո՝ ստարտափ դրամաշնորհի շրջանակներում։ Նա ներկայացրել է իր ծրագիրը ժյուրիի անդամներին և դարձել հինգ հաղթողներից մեկը՝ ստանալով 4000 եվրո դրամաշնորհ։ 

Սակայն գաղափարն իրագործելուն խանգարել է կորոնավրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը, որի պայմաններում զբոսաշրջիկների հոսքը նվազել է, հյուրանոցները՝ դատարկվել։ Բայց դա ժամանակավոր խոչընդոտ է, և Արմանն արդեն քայլեր է անում համավարակից հետո իր բիզնեսի զարգացման համար։

“EU4Youth: Employability and Stability” ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում։ Հայաստանում ծրագրի իրականացնողը «ՍՕՍ Մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամն է։ Ծրագրի գործընկերն է Բիզնեսի աջակցման կենտրոնը։

Ծրագրի համակարգող Անահիտ Ավետիսյանն ասում է, որ շահառուները խոցելի խմբերի երիտասարդներ են։ «Մենք ծրագրին մասնակցելու համար գրանցել ենք 15-35 տարեկան երիտասարևդների։ Թիրախում են առանց կրթության ու գործազուրկ անձինք, սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները, «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և այլ հատուկ հաստատությունների հովանու ներքո մեծացած երիտասարդները, ինչպես նաև մինչև 35 տարեկան միայնակ մայրերը։ Ծրագրի շրջանակներում նրանք սովորել են կյանքի հմտություններ»,- նշում է Անահիտ Ավետիսյանը։

«Կյանքի հմտությունների» ծրագրի շրջանակներում ձեռներեցության ջիղ ունեցող երիտասարդները 3-4 ամիս տևողությամբ ձեռներեցության դասընթացներ են անցել Բիզնեսի աջակցման կենտրոնում՝ սովորելով գրագետ կառավարել իրենց բիզնեսը։

Արման Գաբրիելյանն ասում է, որ հետագայում մտադիր է ընդլայնել իր գաղափարը, այն կիրականացնի նաև Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում: «Երբ ունես նպատակներ ու երազանքներ, ցանկացած խոչընդոտ հաղթահարվում է դրանց իրականացման ճանապարհին»,- նշում է Արմանը:

Author: Roza Hovhannisyan

Article published in ArmenianRussian and English by Lragir.am

Virtual tourism for Armenia