Սևանի «ճայերը» կօգնեն զբոսաշրջիկներին գտնել տեսարժան վայրերը

07-05-2021

Չնայած նրան, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով արտերկրից քիչ թվով զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում փորձում են տուրիզմը զարգացնել ներքին զբոսաշրջիկների համար։ Քաղաքի բնակիչներն արդեն նախապատրաստվում են ամառային տուրիստական սեզոնին։

Սևան քաղաքը համանուն գեղատեսիլ լճի ափամերձ համայնքներից է։ Տուրիզմի զարգացման ծրագրերն այստեղ հիմնված են այն գաղափարի վրա, որպեսզի պայմաններ ստեղծվեն լճի տարածքում իրենց հանգիստը կազմակերպող զբոսաշրջիկների համար՝ նաև Սևան քաղաք այցելելու նպատակով։ 2020 թվականին համավարակի պատճառով զբոսաշրջիկների հոսք գրեթե չի եղել քաղաք։ Այնինչ, տեղացիների խոսքով, 2019 թվականին զբոսաշրջիկների մեծ հոսք է եղել։ Զբոսաշրջային հիմնական սեզոնը Սևանում համարվում է ամառը։ Սևանա լիճը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է՝ Տիտիկակա լճից հետո։

Զբոսաշրջիկները Սևանում կարող են այցելել Բուսաբանական այգի, որտեղ էնդեմիկ բուսատեսակներ են աճեցվում։ «Մաշտոցներ» մատուռը ևս զբաղաշրջիկների սիրած վայրերից է Սևանում։ Քաղաքում կան նաև եկեղեցիներ, քանդակների պուրակ։

Ճամփի ընկեր

«Սևան քաղաքը գտնվում է Սևանա լճի մոտ, և մեծ հնարավորություն կա զբոսաշրջիկներ ներգրավել քաղաք, զարգացնել քաղաքային կյանքը, բայց ենթակառուցվածքները շատ զարգացած չեն։ Եվ հենց ցուցանակների խնդիր կար քաղաքում, ինչի պատճառով զբոսաշրջիկները դժվար էին տեղաշարժվում»,- ասում է «Սևանի երիտասարդական ակումբ» ՀԿ ներկայացուցիչ, ԵՄ «Ճամփի ընկեր» ծրագրի համակարգող Մերի Սեդրակյանը։

Հետխորհրդային շրջանում՝ ավելի քան 30 տարի, Սևան քաղաքում չեն եղել փողոցների անուններով նշաններ։

ԵՄ «Ճամփի ընկեր» ծրագրի աջակցությամբ քաղաքում տեղադրվել են 12 նոր փողոցային նշաններ, որոնք ունեն ճայի տեսք. ճայն ընտրվել է որպես Սևան քաղաքի խորհրդանիշ։ Ճայ-ցուցանակները մատնանշում են ոչ միայն փողոցի անվանումը, այլև հուշում են այդ ուղղությամբ գտնվող մի շարք զբոսաշրջային վայրեր, որոնց մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ցուցանակի վրա առկա QR կոդերի միջոցով։ Ցուցանակներից մեկը զբոսաշրջային քարտեզ է, որ զբոսաշրջիկներին առաջարկում է մի շարք երթուղիներ։

«Ճամփի ընկեր» ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շնորհիվ։

«ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) և գործընկերների կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ Սևանում ծրագրի շահառուներից է Սևանի երիտասարդական ակումբը։

Ծրագիրը ոչ միայն Սևան քաղաքին է վերաբերում, այլ նաև Գեղարքունիքի մարզում երեք կլաստերային համանքներ են ներգրավված՝ Սևան-Լճաշեն, Գավառ-Նորատուս, Մարտունի-Մադինա։

որտեղ տեղեկատվությունն առկա է։

Քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում, որտեղ շատ են լինում զբոսաշրջիկները, տեղադրվել է նաև քարտեզ, որի վրա գունային նշումներով առանձնացված են Սևան քաղաքի պատմական ու մշակութային երթուղիները։ Բացի դա, ծրագրի շրջանակներում մեկ ցուցանակ պատ է տեղադրվել Սևանի քաղաքապետարանի շենքի հարևանությամբ, որը տուրիստական հայտարարությունների համար է։

«Ցուցանակները ճայի տեսքով են, քանի որ ճայը մեզ համար խորհրդանշական է, հայկական որորն է, որը շատ է հանդիպում Սևանում»,- ասում է ՄերիՍեդրակյանը։

Ցուցանակ-ճայն իր թվով ցույց է տալիս այն ուղղությունը, որտեղ պետք է գնա զբոսաշրջիկը՝ հասնելու ցուցանակի վրա նշված վայրը։

Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Մնացականյանն ասում է, որ Սևանի փողոցներում ցուցանակներ ունենալու մտահղացում ունեցել են վաղուց, և Եվրամիության ֆինանսնավորմամբ այս ծրագիրը հնարավորություն է տվել իրենց գաղափարն իրականություն դարձնել։

«Համայնքն ընդգրկվել է ցուցանակի դիզայնի ստեղծման գործին։ Դիզայնի հարցում մրցույթ է անցկացվել, ամենաընդունելի գաղափարը՝ ճայի տեսքով, կյանքի է կոչվել»,- ասում է Գոհարը։

Փոստ-քարտային տուր

Մյուս քաղաքները, որոնք ծրագրի մաս են կազմում, ծրագրին ներգրավվել են արդեն երկրորդ բաղադրիչով՝ փոստ քարտերի փաթեթի միջոցով։

Նույն նախագծի շրջանակներում ստեղծվել է նաև փոստ-քարտային տուր։ Մեկ ծրագրում ներառված 6 փոստային բացիկները ուղղորդում են դեպի ընտրված որոշակի վայրեր Սևան-Գավառ-Մարտունի երթուղով, իսկ բացիկների վրա նշված QR կոդերի միջոցով կարելի է հավելյալ տեղեկություններ ստանալ երեք համայնքների հիշարժան վայրերի և առաջարկվող փորձառությունների մասին։ Ի սկզբանե նախատեսված էր փոստ քարտերը վաճառել զբոսաշրջային մեծ հոսք ունեցող վայրերում՝ օրինակ՝ Սևանի թերակղզու հարակից տարածքում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են լինում, բայց covid-ի համավարակի պայմաններում գործընթացը հետաձգվել է։

«Սովորաբար զբոսաշրջիկների համար շատ հաճելի է, երբ ինչ-որ հուշ են տանում կամ այդ հուշն ուղարկում են։ Դա փաստ քարտն է, մեր սովորույթների մեջ դա դեռևս այնքան էլ զարգացած չէ, բայց շատ հաճելի մշակույթ է։ Փաստ քարտի վրա քարտեզներ, QR կոդեր կան և տեղեկություններ տեսարժան վայրերի մասին»,- նշում է Մերի Սեդրակյանը։

Ճայի տեսքով ցուցանակներին զուգահեռ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը» ֆինանսավորել է, որպեսզի Սևանում տեղադրվի ցուցանակների այլ տեսակ՝ գլխավոր փողոցների անվանումներով։

Մասնավոր ծրագրի իրականացմանը աջակցել է Սևանի համայնքապետարանը՝ ֆինանսավորելով ցուցանակների տեղադրումը։ Այսինքն՝ ծրագիրը կարևորվել է համայնքի կողմից, և սա մասնավոր-տեղական ինքնակառավարման մարմին համագործակցության փայլուն օրինակ է դարձել։

Ծրագրի հեղինակներն ասում են՝ համավարակով պայմանավորված իրավիճակը մի փոքր բացասաբար է ազդել դրա իրագործման վրա այն առումով, որ զբոսաշրջիկների մեծ հոսք չկա այս փուլում։ Բայց ակնկալում են, որ առաջիկայում այս նախաձեռնությունը մեծ տարածում կունենա մարզի տարբեր համայնքներում։

«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի ներկայացուցիչ Տաթև Ասրյանը կարևորում է այսօրինակ ծրագրերի իրականացումը Հայաստանի համայնքների զարգացման տեսանկյունից և նշում, որ այս ծրագրի շնորհիվ որոշակի մշակույթ ու մոտեցում է փոխվել Սևան համայնքում։

«Մեր ծրագրերը կազմելիս՝ մտածել ենք այնպիսի բաղադրիչներ ներառել, որ համայնքներին էլ դա օգուտ լինի, այսինքն՝ միայն զբոսաշրջիկի մասին չենք մտածել։ Սկզբում, երբ քննարկում էինք ցուցանակների գաղափարը՝ մտածում էինք՝ ոնց կընկալվեր դա համայնքի կողմից, կընկալվեր, թե՞ ոչ։ Եվ արդեն դրանք տեղադրելուց հետո մինչև հիմա էլ արձագանքները լսում ենք, թե ինչքան շատ են սիրվել համայնքի բնակիչների կողմից։ Մեզ համար շատ մեծ հաջողություն է, որ ոչ միայն զբոսաշրջիկի համար է դա օգտակար, այլ նաև մեծ հաջողություն է, որ ընկալվեց քաղաքի կողմից, քաղաքը սիրեց դա»,- ասում է Տաթև Ասրյանը։ Նրա խոսքով՝ հետագայում համայնքները այս բազայի հիման վրա կարող են ընդլայնել ծրագիրը։

Սևանի բնակիչները կարևորում են այս ծրագիրը։ «Այն, ինչ տարիներ առաջ թվում էր լավ գաղափար, այսօր Սևանում դարձել է ծրագիր ու կոնկրետ գործ, որը մեզ մեկ քայլով էլ է մոտեցնում լճափնյա քաղաքներին բնորոշ արտաքին տեսքին ու չափորոշիչներին»,- ասում է Սևան քաղաքի բնակիչ Արմինե Ղուկասյանը։

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ասում է, որ այդ ցուցանակները նոր շունչ ու թարմություն են բերել քաղաք։ «Հետագայում դրանց թվի ավելացմամբ քաղաքային գույները կավելանան՝ գումարվելով զբոսաշրջության զարգացմանը նպաստող մի շարք նախագծերին»,- ասում է նա։

«ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիրը նպաստում է ՀՀ Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ներառական և կայուն զարգացմանը` օժանդակելով ՔՀԿ-ներին  և տեղական շահառուներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու ընտրված կլաստերներում առկա բնական, մշակութային և մարդկային ռեսուրսները՝ զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար։

Հեղինակ՝ Ռոզա Հովհաննիսյան

Հոդվածը տպագրվել է հայերենռուսերեն և անգլերեն ՝ Lragir.am կայքում