EU4Youth-ը՝ Հայաստանում. նորաձևության ստուդիայից մինչև դիմակների արտադրություն

15-06-2020

Ամենը սկսվեց երազանքից, իսկ EU4Youth-ի օգնությամբ այդ երազանքն իրականություն դարձավ. այժմ Լուսինե Առաքելյանը մայրաքաղաք Երևանում գտնվող իր նոր նորաձևության ստուդիան վերապրոֆիլավորել է բժշկական անձնակազմի համար դիմակների և պաշտպանիչ հագուստի արտադրության:

Անցյալ տարի Լուսինեն մասնակցեց EU4Youth-ի կյանքի հմտությունների և ձեռնարկատիրության ուսուցման ծրագրին: Երկու երեխաների (13 տարեկան տղա և 8 տարեկան աղջիկ) 36-ամյա միայնակ մայրը միշտ երազել է իր կարի հոբբին վերածել բիզնեսի: Ահա թե ինչը նրան բերեց «EU4Youth՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» ծրագիր:

Լուսինեն, տարիներ շարունակ կատարելով տարաբնույթ աշխատանքներ, հիասթափված էր ու չէր կարողանում գտնել իր իրական կոչմանն արժանի գործի անցնելու ուղին: «Սա իմ հնարավորությունն էր. հիմա կամ երբեք»,- ասում է Լուսինեն:

Իր սեփական նորաձևության ստուդիան ունենալը մանկության երազանք էր: Նա շարունակում էր կարել, վաճառում էր որոշ ապրանքատեսակներ, բայց գաղափար չուներ, թե ինչպես զարգացնել իր բիզնեսը:

Լուսինեի մոտիվացվածությունը միանգամայն ակներև էր EU4Youth-ի ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում. դասընթացի մեկամսյա ժամանակահատվածում նա իր մենթորների աչքի առաջ աճեց` որպես բիզնեսի հնարավոր սեփականատեր:

 

Անշուշտ, նրա բիզնես պլանը լավագույնն էր՝ ստանալով դասընթացի շրջանակներում ամենաբարձր գնահատականները: Դա նրա բիզնեսին բերեց 4000 եվրո, որի միջոցով նա բարելավեց իր կարի արտադրամասը, գնեց անհրաժեշտ սարքավորումներ և ընդլայնեց ու խթանեց իր սեփական փոքր բիզնեսը սոցիալական ցանցերի միջոցով:

Լուսինե Առաքելյանը հիմնադրեց «LucyART» հագուստի ձևավորման ստուդիան: Կարճ ժամանակում նա արդեն ուներ մեծ քանակությամբ պատվերներ՝ կարելով մանկական զգեստներ, վարագույրներ, անկողնային պարագաներ և այլն: Նա նաև ստացավ մի քանի կորպորատիվ պատվերներ, այդ թվում՝ հայտնի պարային համույթի (զգեստներ), չինական ռեստորանի (անհրաժեշտ պարագաներ) և մսամթերքի գործարանի աշխատակազմի (համազգեստ) համար:

COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված արտակարգ իրավիճակի ընթացքում Լուսինեն հարմարեցրեց և փոխեց առաջարկվող ծառայությունների շրջանակը: Քանի որ երեկոյան զգեստների կամ այլ հագուստի պահանջարկը շատ փոքր էր, Լուսինեն սկսեց բժշկական դիմակներ և պաշտպանիչ հագուստ արտադրել բժշկական անձնակազմի համար՝ նոր հորիզոններ բացելով իր բիզնեսի առջև: